Էրդողանի հարցազրույցը CNN-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ի թղթակից Բեքի Անդերսոնին բացառիկ հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտնել է, որ չի բացառում երկրում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի ընթացքում ձերբակալված հազարավոր մարդկանց մահապատիժը: «Սա ակնհայտ դավաճանության հանցագործություն է։ Բայց իհարկե որոշումը պետք է խորհրդարանը կայացնի։ Ես կհաստատեմ խորհրդարանի ցանկացած որոշում: Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ արագ վերջանա, որովհետև բարեկամներ, հարևաններ ու զավակներ են կորցրել։ Տառապող մարդիկ զգայուն են, այսպիսով պիտի խոհեմաբար գործենք: Գիտեք, ժողովուրդը կասի՝ ինչու պետք է մենք տարիներ շարունակ բանտերում կերակրենք ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելու դեպքում այդ երկիրը կզրկվի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից։ Էրդղոանը նաև պատմել է, որ եթե ինքն 10-15 րոպե ավել մնար Մարմարիս քաղաքի հյուրանոցում, ապա իրեն կսպանեին: «Մարմարիսում իմ դեմ ուղղված օպերացիա է անցկացվել, իմ թիկնապահներից 2-ին սպանել են: Եվ եթե ես 10-15 րոպե ավել մնայի այնտեղ, ինձ կսպանեին կամ գերի կվերցնեին»- ասել է նա:
