Ոստիկանությունը դադարեցրել է շարժը, իսկ Սեֆիլյանի առաջարկի շուրջ կառուցողականություն կա. Վարուժան Ավետիսյան
Ոստիկանությունը ՊՊԾ գնդի մոտ տեխինկայի շարժ էր կատարվում, և երբ մենք այդ մասին տեղեկացրեցինք Օպերայում հավաքված ժողովրդին, նրանք դադարեցրեցին այդ ամենը: Այս մասին քիչ առաջ NewsBook-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ ողջունում են այս պահին Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին և նրանց կոչ արեց կազմակերպել նստացույցեր, հավաքներ. «Մենք շատ ողջունում ենք, անընդհատ կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ: Անընդհատ հորդորում ենք, որ ժողովրդին ոգևորեն, ոտքի հանեն, միանան պայքարեն, շատանան, փողոցներ փակեն և այլն»: Մեր հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած հարցի լուծման տարբերակը դեռ օրակարգո՞ւմ է, Ավետիսյանն ասաց, թե բանակցությունները շարունակվում են, և այդ հարցը փակուղի չի մտել. «Կառուցողականություն կա, արդյունավետության մասին դեռ դժվար է խոսել, բայց պրոցես կա»: Դիտարկմանը, թե այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերվել է երաշխք, որ հարձակում չի լինի բազայի վրա, Վարուժան Ավետիսյանն ընդգծեց, թե իրենք ռեժիմի վրա որևէ վստահություն չունեն: Իրենք մշտապես զգոն են, իրենց դիրքերը անըդհատ պահում են. «Մենք չորս կողմը տեսնում ենք և չորս կողմը հսկում ենք»: Իսկ, ինչ վերաբերվում է տարածված շրջանառվող մտքերին, թե խմբավորման անդամները ճիշտ կանեն տեսագրեն գերեվարված Օսիպյանին և Եղիազարյանին, որ պատմեն, թե իրականում ինչպե՞ս է տեղի ունեցել սպանված ոստիկանի մահը, Ավետիսյանն ասաց, թե իրենք նման բան չեն անելու:
