Զինված խումբը պետք է վայր դնի զենքը. Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook կայքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանում մի խումբ անձնանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու միջադեպին։ Նա ասել է, որ զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին։ Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Ցավակցում եմ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, ընկերներին, բարեկամներին: Արագ ապաքինում բոլոր վիրավորներին: ՀՀ օրենքը խախտվել է, և հանցագործությունը պետք է պատժվի: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Որևէ կերպ զենքով հարցեր լուծելը չի կարող արդարացվել: Ըստ իս՝ մի տեսանկյուն կա, որն այնքան չի քննարկվել մեզ մոտ, այն է՝ իրավիճակը Արցախյան հիմնախնդրի տեսակետից: Փորձելով հետհայացք գցել 91-94թ.թ. պատերազմին մի բան պետք է փաստեմ: Պարտվել է այն կողմը, որտեղ եղել է քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակ: Մեր այն ժամանակվա հաղթանակները նաև պայմանավորված էին նրանով, որ ՀՀ-ում և Արցախում քաղաքական ստաբիլություն էր: Այս տեսանկյունից որևէ բան չի փոխվել: Որտեղ լինի առաջին հեղաշրջումը/ներքին անկայունությունը, այն կողմն էլ վերջնական կպարտվի՝ Ադրբեջանում, ուրեմն հաղթեցինք, ՀՀ-ում և Արցախում՝ ուրեմն մեզ հաղթեցին: Եթե ցանկանում ենք կրկին հաղթել, պետք է պահպանենք ստաբիլությունը և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Իսկ դրան հասնելու համար պետք է ճգնաժամից արագ դուրս գալ: Բայց դա առնվազն նոր որակի և իրական արդյունքների միտված ներքին բարեփոխումներով: Իրական համակարգային փոփոխություններով Հայաստանում: Հասկանում եմ, որ դա երկար ճանապարհ է: Իսկ ցանկացած ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Առաջին քայլը, իմ պատկերացմամբ, պետք է լինի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը: Ամեն ինչ պետք է արվի բանակցություններով և առանց արյան, զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Հուսամ իրավիճակի մեսիջը տեղ է հասել, բայց ավելի կարևորը, որ մեր շատ բացեր ջրի երես է ելել, և դրանք պետք է արագ շտկել երկրորդ, երրորդ ու այդպես շարունակ քայլերով: Մենք իրավունք չունեն պարտվելու ո՛չ ներսում, ո՛չ Արցախում»:
