ԵԽԽՎ ոչ օբյեկտիվ բանաձևերը միայն խոչընդոտում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը
Բավական շատ է խոսվում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին քվեարկության դրվելիք թե՛ Վոլտերի հեղինակած, թե՛ Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցներում առկա փաստերի աղավաղումների և ընդհանրապես դրանց հիմքում ընկած միակողմանի մոտեցման մասին: Սակայն միևնույն ժամանակ ոչ բավարար մակարդակով է ներկայացվում հենց ԵԽԽՎ կողմից թույլ տրված ինստիտուցիոնալ և գործառութային թերացումների մասին: Նախ նշենք, որ հակամարտությունների կարգավորումը ոչ թե ԵԽԽՎ, այլ ԵԱՀԿ առաջնահերթություն է, և այն, որ ԵԽԽՎ-ն, չգիտես թե ինչու, «ստանձնել» է իր ուժերից վեր առաքելություն, առավել քան անտրամաբանական է: Կարելի է ենթադրել, որ խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ է, քանզի ըստ սահմանված կարգի՝ եվրոպական բոլոր վերազգային կառույցները պարտավոր են չխոչընդոտել միմյանց գործունեությանը, այլ կերպ ասած՝ չխառնվել մեկը մյուսի գործերին: Ավելին՝ հենց ԵԽԽՎ-ն հանձնառություն ունի չխոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, ինչի մասին են վկայում նույն ԵԽԽՎ կողմից ՄԽ-ին չխանգարելու կարևորության մասին բանաձևերն ու հայտարարությունները: Հարկ է նշել, որ խոսքը չի վերաբերում հակամարտությունների հումանիտար խնդիրներին, ինչի հետ կապված՝ ԵԽԽՎ-ն ունի գործունեության սահմանված լայն դաշտ: Սակայն պետք է նկատել, որ այստեղ ևս ԵԽԽՎ-ն աչքի չի ընկնում իր արդյունավետությամբ: Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխվստահության միջոցների ստեղծման, դրանց ամրապնդման և զարգացման փոխարեն, ԵԽԽՎ որոշ խորհրդարանականներ, ունենալով այս կամ այն շահագրգռվածությունը, ջանք չեն խնայում հումանիտար խնդիրներին քաղաքական աստառ տալու, դրանց կառուցողական հնարավոր լուծումներն ընդհանրապես անհնար դարձնելու ուղղությամբ: Ցավոք, ԵԽԽՎ-ում որոշ պատգամավորների մոտ բացակայում է այն գիտակցումը, որ նման անպատասխանատու գործելաոճը առավել ևս հակամարտություններին առնչվող հարցերում ուղղակիորեն ազդում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հակամարտության էսկալացիայի և մինչև անգամ հրադադարի ռեժիմի պահպանման վրա: Բարեբախտաբար, այդ գիտակցումն առկա է հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանում, ինչի մասին է փաստում թեկուզ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ»: Համանախագահների դժգոհությունը թերևս հիմնավոր է, և այս հարցում բավական լուրջ թերացումներ են թույլ տվել հենց ԵԽԽՎ այն հանձնաժողովները, որոնք կողմ են քվեարկել Արցախին առնչվող զեկույցներին: Թե՛ մասնագիտական, թե՛ էթիկայի տեսանկյունից, մեղմ ասած, ճիշտ չէ զբաղվել որևէ խնդրով առանց պարբերական խորհրդակցություններ անցկացնելու այն մարմնի հետ, ում իրավասության տակ է գտնվում այն (ավելի քան 20 տարի), և որը բոլորից լավ է տիրապետում գործընթացի բոլոր նրբություններին: Թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ ցանկացած այլ մարմնում պետք է լինի այն գիտակցումը, որ ցանկացած խնդիր, որը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, առանց այդ համակարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի հետ խորհրդակցությունների ոչ միայն չի նպաստի հակամարտության լուծման գործընթացին, այլ ընդհակառակը՝ կխոչընդոտի և որոշ դեպքերում առավել կբարդացնի այն: Ամփոփելով նշված բոլոր փաստարկները՝ հարց է ծագում՝ արդյո՞ք չի հասունացել պահը, որ հայաստանյան պատվիրակությունն իր գործընկերների հետ միասին նախաձեռնի ԵԽԽՎ բարեփոխումներ, որոնց արդյունքում ԵԽԽՎ-ն, չխոչընդոտելով գործընկերներին, առավել արդյունավետ կերպով կիրականացնի իր առաքելությունը: Արմեն Գեւորգյան
