Թող զիջեն 5 տարածքները,որ մենք երկաթգիծ կառուցենք.Մանվել Եղիազարյան
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում կողմ եմ փոխզիջումների տարբերակին: Եթե պետք է զիջել այդ հինգ տարածքները, թող զիջեն՝ դիմացը պահանջելով տարածք Նախիջեւանից դեպի Իրան, որպեսզի մենք երկաթգիծ կառուցենք»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը , հավելելով, որ Քարվաճառն ու Լաչինը պետք է անձեռնմխելի լինեն, իսկ մյուս տարածքների շուրջ կարելի է բանակցել:
Կա՞, արդյոք, այլ տարբերակ՝ տարածք չզիջել, բայց շարունակել բանակցությունները, Մանվել Եղիազարյանը կարծում է, որ դրա համար պետք է ամրացնել սահմանները:
«Զինել ժողովրդին, բայց խոսել փոխզիջումների մասին՝ առանց դրանց դիմաց որեւէ այլ բան պահանջելու, անընդունելի է:Եթե այդ հինգ շրջանում պաշտոնյաների համար ցորեն են ցանում, ապա երկաթգծի կառուցումը դեպի Պարսից ծոց այլ իրավիճակ է ստեղծում մեզ համար: Վաղը Լարսը որ փակվեց, մեր ապրանքը փչանալու է, իսկ երկաթգծի միջոցով դուրս ենք գալիս աշխարհ»,կարծում է «Արաբո» ջոկատի հրամանատարը և ասում,որ այս գործընթացում կարեւոր է Արցախի ճանաչման հարցը: Դրանից հետո միայն կարելի է բանակցությունների կամ փոխզիջումների գնալ: Այնուամենայնիվ, եթե չենք ուզում որեւէ բան զիջել, ապա պատերազմն անխուսափելի է.
«Մենք միշտ էլ վախեցել ենք պատերազմից, բայց շարքային ժողովուրդը չի վախենում: 100 զոհ ենք տվել, քանի՞ ծնող ելավ ասեց՝ ինչու՞ իմ տղան զոհվեց»,-նշեց նա:
