«Ժառանգության» անդամին ու Կառնուտի էլեկտրիկին ազատ արձակեցին
Քիչ առաջ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ արձակեցին վաղ առավոտից ոստիկանությունում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Եղիշեի եղբոր փաստմամբ, ոստիկանները առավոտյան ժամը 9-ի սահմաններում մտել են իրենց տուն ու արթնացնելով տան անդամներին՝ Եղիշեին բերել են ոստիկանություն: Իսկ Սևակ Խաչատրյանին, որը Կառնուտ գյուղի էլեկտրիկն է, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին էին բերել այն ժամանակ, երբ վերջինս էլցանցի գործերով եկել էր Գյումրի: Հիշեցնենք, որ նրանց էր այցելել մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: Իսկ Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանը, որին նույնպես առավոտից տարել են ոստիկանության «Մուշ» բաժին, դեռ ազատ արձակված չէ: Հիշեցնենք, որ Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանն ու Արմեն Ներսիսյանը ինչ-որ մի ընթացք եղել են «Նախախորհրդարանի» համակիրներից: Այս պահին գյումրեցի ակտիվիստները, իրավապաշտպանները ոստիկանության «Կումայրի» բաժնից տեղափոխվել են Մուշ բաժին՝ սպասելով ապօրինաբար պահվող Արմեն Ներսիսյանի ազատմանը: aravot.am
