Իրավիճակը լարված է Գյումրիում
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են այսօր բերման ենթարկել իրեն. «Ճանապարհին ինձ կանգնեցրել են, ասում են՝ հրավիրում ենք, ասում եմ չեմ ընդունում ձեր հրավերը, ինչ ուզում եք արեք, ասում եմ ծանուցագիր բերեք, ես կգամ կամ չեմ գա՝ բերման կենթարկեք: Ասում եմ տարեք Աշտարակի, Արագածոտնի ոստիկանություն, ինչի՞ պետք է Գյումրի գամ: Ինձ նույնիսկ թվաց, որ ինչ-որ բան են ուզում Գյումրիում խուզարկել, ասեցի ավտոս նայեք, ասեցին չէ, խոսելու բան ունենք»,-ասաց նա: Բարսեղյանին տեղափոխել են Գյումրիի ոստիկանության մարզային վարչության պետի մոտ, որտեղ Բարսեղյանը պահանջել է բերման ենթարկելու արձանագրություն ներկայացնել. «Ճարը կտրած պատասխանեց՝ զենք-զինամթերքի տեղափոխման կասկածանքով ենք բերման ենթարկել, փորձում էր համոզել, որ Երեւան չգնամ, ասեցի ես կորոշեմ իմ անելիքը, բայց այդ ընթացքում ընկերներիցս շատերին բերել էին բաժանմունքներ: Հարցեր էին տալիս, ասեցի՝ Սերժիկի մենթերի հարցերին չեմ պատասխանում, իրենք գրեցին, քանդակեցին պրծան ու ազատ արձակեցին ինձ»,-պատմեց Բարսեղյանը: Մեր հարցին՝ Գյումրիում որքա՞ն են բերման ենթարկվածները, Բարսեղյանը պատասխանեց, որ երկու բաժնում երկուական բերման ենթարկվածներ կան. «Մեծ մասին «հրավիրել» են իբր զրուցելու, մեկը Ժառանգության անդամ է եղել, մյուսը Հիմնադիր խորհրդարանի հետ է երեք ամսով համագործակցել, ընդ որում չորս տարի առաջ»: Ի դեպ, զրույցի պահին Լեւոն Բարսեղյանն ընկերների հետ Գյումրիի Կոմայրու ոստիկանական բաժանմունքի դիմաց էր՝ սպասելու ազատ արձակվածներին, սակայն քաղաքացիները փակեցին ճանապարհը՝ պահանջելով բերման ենթարկվածներին ազատ արձակել: Մի քանի րոպե տեւողությամբ քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Այժմ կարծես թե հանգիստ է իրավիճակը, սակայն Բարսեղյանի խոսքով, բերման ենթարկվածներին ազատ չարձակելու դեպքում չի բացառվում, որ իրավիճակը կրկին լարվի:
