Շոուի տարբերակը չի բացառվում
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը, հնարավոր է, բեմականացված էր: Այս մասին գրում է անգլիական The Independent-ը: «Ոմանք ենթադրում են, որ այդ հեղաշրջումը բեմականացված էր, որպեսզի Էրդողանը հնարավորություն ունենար բանակը մաքրել ընդդիմախոսներից եւ ուժգնացնել Թուրքիայում իր վերահսկողությունը»,- գրում է թերթը: «Հնարավոր է, որ արտահերթ ընտրությունների ականատես լինենք, որոնցում նա կջանա իր համար ձայների անհավական մեծամասնություն երաշխավորել: Հնարավոր է, մենք Սահմանադրության վատագույն ուղղությամբ փոփոխության ականատես դառնանք, որից կանհետանան աշխարհիկությունն ու կզետեղվեն իսլամական դրույթներ»,- իր հերթին եվրոպական «Պոլիտիկո» ինտերնետ-պարբերականում գրել է Ռայան Հիսը՝ մեջբերելով Թուրքիայում իր աղբյուրի խոսքը, որը նույնպես հեղաշրջման փորձն անվանել է բեմականացված: Այս վարկածի կողմնակիցները, շարունակում է The Independent-ը, վկայակոչում են Թուրքիայի նախագահի խոսքը, որը նա ասել է Ստամբուլի օդանավակայանում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս: «Դա Ալլահի նվերն է»,- մեջբերում է Էրդողանին թերթը: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռազմական եհղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում այս պահին պաշտոնանկ է արվել 2.7 հազար դատական համակարգի աշխատող: Աշխատանքից ազատվել է 5 գեներալ եւ 28 գնդապետ, ձերբակալվել 2.8 հազար զինվորական:
