Ձերբակալված թուրք զինվորները մանրամասներ են պատմում
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցած ձերբակալված զինվորները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ սկզբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն ընկալել են որպես վարժանքներ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին։ «Մենք ամեն ինչ հասկացանք միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին ելնել տանկերի վրա», — ասել է զինվորներից մեկը, ում 67 այլ զինվորների և 10 սպաների հետ ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում։ Մեղադրյալների խոսքով, իրենց գործողությունները ղեկավարող գնդապետը նահանջելու հրաման է տվել, երբ մոտեցել են ոստիկանական խմբերը։ РИА Новости-ն նաև հաղորդում է, որ Անկարայում Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքում ընթացող գործողությունը խռովարարների դեմ ավարտվել է։ Հեղաշրջման մասնակիցներին շտաբի շենքից դուրս են բերել ձեռնաշղթաներով և նստեցրել ավտոբուսներ։ Ձերբակալվածներից 13-ը Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպաներ են։
