«Սանկտ Պետերբուրգում «լղոզեց» Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը».Ռուբեն Մեհրաբյան
Պաշտոնական Փարիզը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնելու նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ՝ Սարգսյանի ու Ալիևի հաջորդ հանդիպման վայրը Փարիզը կլինի, որտեղ, թերևս, ԼՂ կարգավորման ուղղությամբ ավելի առարկայական քննարկում կծավալվի: Տարբեր կարծիքներ են հչում՝ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման շուրջ, բայց, այնուամենայնիվ, հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշումների առկայությունն այլևս անհերքելի է: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: «Այս պահին բանակցային գործընթացում ակտիվություն եմ նկատում, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ հայկական կողմի վրա ճնշումներ կան Ռուսաստանի կողմից, իսկ Թուրքիան փորձում է միջամտել բանակցային գործընթացներին»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով,որ Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպման ժամանակ հայկական կողմը կարևոր ձեռքբերումներ էր ունեցել: «Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական կողմը հասել էր բավականին կարևոր պայմանավորվածություների,սակայն այն չպաշտպանեց: Սանկտ Պետերբուրգում « լղոզեց» այդ պայմանավորվածությունները: Առաջիկա հանդիպման ճակատագիրը կորոշվի հայկական կողմի ակտիվությամբ,եթե մեր թույլտվությամբ Ռուսաստանը և Ադրբեջանը կարողանան իրենց խաղն առաջ տանեն, այդ ժամանակ ոչինչ էլ չի ստացվի»,-նշեց պարոն Մեհրաբյանը՝ հիշեցնելով,որ մենք ունենք համապատասխան փաստարկներ,որոնց միջոցով փորձում ենք հակադարձել և որոշակի դրական արդյունքներ արձանագրել: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում հաճախակի հանդիպող այն հրապարակումներին, որ ղարաբաղյան հարցի լուծման համար պատրաստվում են փուլային տարբերակով հողերի հանձնել, քաղաքագետը հետևյալ կերպ արձագանքեց. «Պետք է կոնֆլիկտի պատճառը վերանա.Ղարաբաղը չի ցանկանում Ադրբեջանի մաս կազմել և հարկավոր է թշնամուն հիշեցնել, որ քառօրյա պատերազմը ընթացել է,որ Արցախն իր դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատի: Եթե մեր տարրական պահանջը չկատարվի,ապա դա հավասարազոր է հայոց ցեղասպանության՝ ԼՂ տարածքում:Թո´ղ ականջներին օղ անեն՝ հայ ժողովուրդը թույլ չի տա՝ տարածք զիջեն»,-ընդգծեց պարոն Մեհրաբյանը:
