Նիսի օդանավակայանը տարհանվել է
Նիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:Օդանավակայանը փակ է, դրա տարածքում մեծ թվով զինվորականներ կան։ CBCNews-ի թղթակից Թոմաս Դայգլը, դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով, հայտնել է, որ տարհանման պատճառը օդանավակայանում թողնված փաթեթն է եղել: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։
