Նիսում զոհված հայ կինն ամուսնացել և Ֆրանսիա տեղափոխվել էր Հայաստանից
Ֆրանսիական Նիսում 84 զոհերի թվում ՀՀ քաղաքացին կին է, որը 2 տարի առաջ տեղափոխվել էր Նիս` Հայաստանից: Այս մասին Tert.am-ին հայտնել է Նիսի բնակիչ, տեղի դպրոցի ատենապետ Գրիգոր Այզրխանյանը: «Այդ տիկինը Հայաստանից էր եկել՝ 2 տարի առաջ: Կարծեմ հոս ամուսնացել էր, իմ վերջին ունեցած տվյալներով»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, և քիչ առաջ հաստատվեց նաև երկրորդ հայի զոհվելու փաստը: Գրիգորը պատմեց, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց իրենց տան մոտ, ինքը այդ դեպքերից կես ժամ առաջ մոր տնից հեծանվով գնացել է իր տուն: Գրիգորի փոխանցմամբ՝ թաղամասերը փակված են. առաջին ժամերին մարդկանց հոգեբանական վիճակը ահավոր է եղել՝ հաշվի առնելով, որ քաղաքում մարդկանց և երեխաների դիակներ են:
