Նիսի ահաբեկչության հետևանքով զոհված հայերի թիվը հասել է երեքի. նոր մանրամասներ
Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում երեք հայ կա: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Նիսում բնակվող մեր հայրենակից Վահիկ Սահակյանը, ում պատկանող ռեստորանից 70 մետր հեռավորության վրա է տեղի ունեցել ահաբեկչությունը: «Զոհերի թվում երկու հայ աղջիկ ու մեկ տղա կա: Աղջիկներից մեկը՝ 24-ամյա Արևիկը, երկու երեխա ունի: Նա երեխաների, ամուսնու ու բարեկամների հետ գնացել էր հրավառությունը դիտելու: Մյուս աղջիկը՝ Գայանեն ևս մի քանի ամսեական փոքրիկ ունի, ամուսնու հետ բնակվում էր Նիսում: Զոհված հայ տղայի մասին դեռևս հստակ տվյալներ չկան»,-ասաց Վահիկ Սահակյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության և խուլիգանության համար։
