Ավելի շատ գործողություններ, ավելի քիչ խոսքեր
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով դիվանագիտական բանակցություններն ամբողջ թափով են ընթանում: Այս մասին նշված է Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած հոդվածում: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցից հետո Լավրովն ու նրա ադրբեջանցի պաշտոնակիցը հայտարարեցին բանակցություններում հաջողության եւ նոր ինտենսիվության մասին: «Դա լավ նշան է, բայց առանց մանրամասների, հատկապես՝ առանց գործողությունների, երկարաժամկետ լուծման հեռանկարների շուրջ թերահավատությունն արդարանում է»,- կարծում է կենտրոնի վերլուծաբանը: Ըստ հեղինակի՝ իրադարձությունների նման զարգացումը «լավ նախանշան է» հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների համար, որոնք ավելի քան երկու տասնամյակ անելանելի վիճակում էին: Նրա խոսքով՝ դա լավ նորություն է Ադրբեջանի համար, քանի որ ապրիլին հաջողվեց «անակնկալի բերել Հայաստանին եւ ակտիվացնել բանակցությունները»: «Արտաքին բանակցողներից Ռուսաստանն ամենակարեւորն ու ազդեցիկն է»,- նշված է հոդվածում: Լավրովի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Պուտինի հանդիպումները հանգեցրին «փոխըմբռնման» երեք նախագահների միջեւ: «Թե ինչի է դա հանգեցնելու կամ որքան մոտ է այն պաշտոնական համաձայնագրին, պարզ չէ: Սակայն տեղական լրատվամիջոցների եւ ռուսաստանցի պաշտոնյաների մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ տարածքների փուլային վերադարձին՝ ռուսական խաղաղարարների միջնորդությամբ: Այդ ծրագիրը կարող է աղաղակող խնդիր ստեղծել. Հայաստանը ցանկանում է պահպանել դե-ֆակտո քաղաքական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա տարածքներ զիջել»,- ընդգծում է հեղինակը: Բացի այդ, նրա կարծիքով, Մոսկվան չի կարող իրապես շահագրգռված լինել խնդրի լուծմամբ. «Հակամարտությունը Ռուսաստանին ազդեցության լծակներ է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, իսկ Մոսկվային մեկ քայլ առաջ է պահում տարածաշրջանային մրցակիցներից, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան եւ ԱՄՆ-ն: Չնայած Լեռնային Ղարաբաղ ռուսաստանցի խաղաղարարների ուղարկելը Մոսկվայի ավելի մեծ ռազմական ներկայությունը կապահովեր տարածաշրջանում, ռուսական զորքերը նաեւ ավելի խոցելի կլինեին ռազմական ուղղակի հակամարտության թատերաբեմում: Այսպիսով՝ Ռուսաստանի համար լավագույն արդյունքը կլիներ պահպանել ակտիվ դիվանագիտական դերը Լեռնային Ղարաբաղում՝ չհասնելով որեւէ մեծ գործարքի»: Հեղինակն ամփոփում է, որ չնայած այս ամենին, եթե դիվանագիտությունը զգալի արդյունքներ չտա, հնարավոր չէ բացառել Ադրբեջանի կողմից նմանատիպ կամ ավելի լուրջ ռազմական սրացումը. «Ի վերջո՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ավելի շատ գործողություններ եւ ավելի քիչ խոսքեր կպահանջի»:
