Վարչապետը հանձնարարեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացրեց գումար տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Լոռու մարզպետարաններին: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը կառավարությանը ներկայացրեց, թե որ մարզին որքան գումար է հատկացվելու եւ ինչի համար. «Արագածոտնում կվերականգնվեն բնակիչների տան տանիքները, որոնք ամբողջությամբ քամու կողմից քշված են, նաեւ մշակույթի տան տանիքը: Բնակիչների պահանջով՝ խոշոր գյուղատնտեսական կենտրոն համարվող տարածքների համար նախատեսում ենք հակակարկտային կայանների տեղադրում: Արմավիրի մարզում 20-ից ավել համայնքներ կորցրել են իրենց ռեսուրսները եւ կրկին բնակիչների պահանջով՝ նրանց հատկացվել է 22 հակակարկտային կայան: Լոռու մարզում կոմունիկացիաների խաթարում էր տեղի ունեցել, այստեղ հատկացվում է 13 մլն-ի չափ գումար՝ բնականոն կյանքը վերականգնելու համար»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցը քննարկել են Հանրապեության նախագահի հետ, որոշում կայացրել առաջարկները քննարկել, փորձել հնարավորինս օգնել ժողովրդին: « Երեկ եղել ենք մի քանի համայնքներում, և իրոք, մեծ աղետ է տեղի ունեցել. մարդիկ ունեն վարկեր, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել, հետո վարկերը մարել: Եվ նաև առաջարկ կար, որպեսզի վարկերը հետաձգվեն: Ես պարոն Ջավադյանին խնդրում եմ, նաև առաջարկում եմ , որպեսզի առևտրային բանկերի հետ համագործակցենք և հնարավորինս, գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացիների վարկերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
