Դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է.Արամ Գ. Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով ազատագրված յոթ տարածքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին,ասաց,որ այսօր նոր կոնցեպցիա եւ մոտեցումներ են հարկավոր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Տարածքներ վերադարձնելու ուղղությամբ այսօրվա մոտեցումը հետեւյալն է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց: Ինչպես ասում են՝ դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է՝ տարածքների հնարավոր վերադարձի, փոխզիջման մասին, իսկ երբ փաստաթղթով դա ներկայացվի եռանախագահներին, դա արդեն ՀՀ պաշտոնական տեսակետ կլինի: Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս փուլը՝ Թուրքիայի հետ Ադրբեջանը շարունակում է սահմանին միասին զորավարժությունների անցկացումը, որը ցույց է տալիս՝ նրանք չեն հրաժարվել իրենց նկրտումներից»: «Հիմա խոսքը փոխզիջման մասին չէ, այլ դիրքորոշման : Պետք է պայմանագիր, որտեղ կնշվեր՝ ԼՂՀ-ն ձեւավորվել է օրինական ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, մենք ճանաչում ենք, որ Ադրբեջանի կազմից այն դուրս է եկել, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ճանաչում ու Սումգայիթի դեպքերից սկսած նրա բոլոր հանցագործությունները պետք է ներկայացվեն: Բոլորը հայտարարեցին, որ ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել, ինչ-որ մի բանով պետք է դա վերանա ու մի նոր կարգավիճակ ստեղծվի: Ի՞նչն է քննարկվում հիմա: Ադրբեջանը հիմա ասում է ՝ եթե ինձ չվերադարձնեք իմ յոթ շրջանները, քննարկում չի լինի: Մեզ համար անընդունելի մադրիդյան սկզբունքներն էլ է Ադբեջանն արդեն քիչ համարում: Մենք պարտավոր ենք ներկայացնել նոր մոտեցում»,-հայտարարեց նա:
