Ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերը կարտահանվեն ՌԴ
Կառավարության նիստում «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար,ըստ որի նախատեսվում է սկսել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն: «Գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրությունն ու արտահանումը նախատեսվում է կազմակերպել ազատ տնտեսական գոտում:Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն. դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն. դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարքավորում, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է Ռուսաստանը», - ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Իրականացվելիք ներդրումները կազմում են շուրջ 31 մլն. դոլար, իսկ ծրագրի մեկնարկի առաջին տարում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում` ավելի քան 35 աշխատատեղ` 350 հազար դրամ միջին աշխատավարձով:
