Այս տարի կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ. Ռոբերտ Մինասյան
Այս տարի կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ: Այս մասին հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը: «Տարիներ շարունակ մեզ մոտ զբոսաշրջիկների քանակը ավելանում է: Այս տարի նույնպես կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ»,- ասաց Մինասյանը: Տուրիզմի փորձագետի խոսքով՝ Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի, սակայն անհրաժեշտ է մեր երկիրը գովազդել թիրախային երկրներում, որտեղից առավել շատ են գալիս զբոսաշրջիկները: «Մենք ունենք բոլոր պայմանները զբոսաշրջությունը զարգացնելու համար՝ հարուստ պատմամշակութային ժառանգություն, բնական ռեսուրսներ, մաքուր օդ, ազգային յուրահատուկ սնունդ, բացի դրանից մենք առանձնանում ենք հյուրասիրությամբ, որը նույնպես շատ կարևոր է»,-նշեց Մինասյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է զբոսաշրջության զարգացումը, քանի որ դրանով նաև զարգանում են նաև այլ ոլորտները: «Զբոսաշրջության զարգացմամբ կխթանվի զարգացմանը նաև 53 այլ ոլորտներում: Բացի դրանից, զբոսաշրջիկները, գալով տվյալ երկիր, ավելացնում են աշխատատեղերի քանակը: Մեկ զբոսաշրջիկի այցը ստեղծում է մեկից հինգ հարակից ոլորտների աշխատատեղ»,- եզրափակեց Մինասյանը:
