Ժակլին Բիսեթը ժամանել է Հայաստան
Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրը` անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը Երևանում է: Նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես նշեց դերասանուհին, ինքն ապրում է Լոս Անջելեսում և շատ հաճախ զրուցում է այնտեղի հայերի հետ, սակայն մինչև հիմա նրա մտքով չէր անցնում, որ մի օր ինքը կգա Հայաստան: «Ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Արդեն համոզվել եմ, որ շատ ջերմ ժողովուրդ եք, հիմա պատրաստվում եմ տեսնել, թե ինչպիսին է ձեր խոհանոցը: Եթե ժամանակ մնա` կդիտեմ նաև ձեր ֆիլմերը»,- ասաց Բիսեթը բացման արարողությանը: Հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմով:
