Պատերազմը մոտենում է. Ա. Պապյան
«Հայաստանին վարկի շրջանակում մատակարարվելիք ռուսական զենքի հարցը դեռ անորոշ է: Փոխարենը, ունենք Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին զենքի մատակարարումները շարունակվելու են: Սեպտեմբերին Պուտինի` Բաքու կատարելիք այցի շրջանակում կքննարկվեն նոր պայմանագրեր` զենքի մատակարարման մասին»,-այսօր ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա նշեց, որ չի հավատում Արցախի հակամարտության խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն. «Հիմնական մեղավորն Ադրբեջանն է: Մեր իշխանությունները մշտապես զիջումների դիրքորոշում հայտնել են, ինչն ինձ համար անընդունելի է, սակայն Ադրբեջանը չի գնում այդ ճանապարհով»: Քաղաքագետի կարծիքով` սանկտպետերբուրգյան, Վիեննայի եւ Փարիզում նախանշված Սարգսյան-Ալիեւ հանդիպումները չեն հեռացնում պատերազմի վտանգը. եթե Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, պատերազմը մոտենում է. «Ադրբեջանն այն պահին, երբ ուզում է պատերազմ սկսել, սկսում է եւ նույն կերպ վերջացնում: Նույն բանը կարող է տեղի ունենալ ապագայում: Հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որի վրա Հայաստանը լծակներ չունի: Ռուսաստանի դերը փորձում են հակակշռել ամերիկացիները»:
