Մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արաբական «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի մասին հարցին, նշել է, որ Պապի այցը կրոնական էր ու միջպետական. «Ինչպես հայտնի է՝ Վատիկանը կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, Հռոմի պապը նաև պետության գլուխն է: Նա Հայաստան է այցելել իմ և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Գիտեք՝ ինքնին փաստը, որ Պապն այս տարի այցելեց Հայաստան, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի: Ինչպես հայտնի է՝ նա իր ճանապարհորդությունը, իր այցն անվանեց՝ «ուխտագնացություն աշխարհի առաջին քրիստոնյա երկիր»: Սա մեծ ազդակ էր կաթոլիկ աշխարհին՝ տնտեսական առումով, իհա՛րկե, նաև քաղաքական առումով: Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրներն այդ ուղերձները պետք է ընդունեն ու նաև պատրաստ լինեն իրականացնելու: Պապի այցը Հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն, հանդուրժողականություն քարոզող այց էր»: Պատասխանելով Պապի այցի և նրա արտաբերած՝ «ցեղասպանություն» բառի հետ կապված՝ թուրքական իշխանությունների արձագանքի մասին հարցին, ՀՀ նախագահն ասաց.«Ես կարծում եմ, որ Պապն այն մարդկանց թվին չի պատկանում, ովքեր ջղային արձագանքների ներքո կամ էլ ինչ-որ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենց համոզմունքը: Պապը դեռևս հոգևոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմաթիվ անգամ «ցեղասպանություն» է ասել, երբ նա տասնամյակներ շարունակ շփվել է այն մարդկանց հետ, ովքեր մազապուրծ են եղել Ցեղասպանությունից կամ հանդիսանում են նրանց զավակները: Կարծում եմ՝ գալու է ժամանակ, երբ որ թուրքերը շատ հանգիստ են արձագանքելու այս փաստին: Տասը տարի առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության տարելիցի օրը, թուրքերը կարող են դուրս գալ փողոց և համերաշխություն հայտնել հայերի հետ: Ասածս հետևյալն է՝ գալու է ժամանակ, որ Թուրքիան, իհարկե, ճանաչելու է Ցեղասպանության փաստը: Գերմանիան, փաստորեն, թուրքերին ասաց, որ պետք է անեն այնպես, ինչպես արել է ինքը, և դրանից չեն տուժի: Հիմա թուրքերն ասում են՝ թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործելու: Բայց մենք չենք ասում, որ դա թուրք ժողովուրդն է իրագործել, մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք այն ժամանակվա իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին»:
