Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
Եթե այսօր նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովվի, որ նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ։ Իսկ այդ անվտանգությունը միայն Ադրբեջանի կազմից դուրս կարող է ապահովվել։ Եթե ինչ որ մի չար կատակով գոնե մեկ օր Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Եվ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը միավորվի եւ ԼՂՀ բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, հավատացեք, անհնար կինի, այդ մարդիկ չեն համաձայնի։ Խոսքը ուժի մասին չէ։ Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, անհնար է։ Ադրբեջանի ղեկավարությունը սա պետք է հասկանա, սա է հիմնական խնդիրը. այդ մարդկանց որեւէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում: Արցախում հազարամյակներով ապրել են հայեր, եւ այն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։ Ես համոզված եմ՝ եթե բանակցային գործընթացում լինի միասնական մոտեցում, ապա խնդրի լուծման տարբերակը կգտնվի։ Բայց աշխարհն այդպես է զարգանում։ Չկա որեւէ տարածաշրջանային խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսակետից»,– ասել է նա։
