Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց ամեն ինչում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործի քննությունը: Դատարանում ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներում: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում սկսված դատական նիստում մեղադրող Գեւորգ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Ըստ որի՝ նա 28 կրակոցով տեղում սպանել է Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, իսկ մանկահասակ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանին ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված էր հասցրել՝ վնասելով կենսական լուրջ օրգանները: Գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Վալերի Պերմյակովը մեղադրվում է այն բանի համար, որ նա ավազակությամբ զուգորդված ապօրինաբար դիտավորության կյանքից զրկել է երկու և ավելի անձանց, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով հափշտակել է ուրիշի գույք: Բացի այդ՝ փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը:
