Բաքվում սպասում են Պուտինին
Երկուշաբթի ուշ երեկոյան աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Օդանավակայանից նա անմիջապես ուղղվել է Ադրբեջանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է նրա հանդիպումն Իլհամ Ալիևի հետ: Այցի և անցկացված բանակցությունների մանրամասները կհայտարարվեն այսօր Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Ինչպես նշում է լրատվամիջոցը, տեղի քաղաքագետները նշում են, որ Բաքու Լավրովի ներկայիս այցը հարկավոր է դիտարկել նաև որպես Ադրբեջան առաջիկա շաբաթներին սպասվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստություն: Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի խոսքով՝ «Ռուսաստանի առաջնորդն ամեն տարի ժամանում է Ադրբեջան, և այս տարի նա իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկման շատ թեմաներ ունի»:
