Դատարանը մերժել է Էրդողանի հայցն ընդդեմ Քըլըչդարօղլուի
Անկարայի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած հայցն ընդդեմ երկրի ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Այս մասին տեղեկացնում է թուրքական SolHaber լրատվականը:
Էրդողանը դատական հայցով պահանջում էր Քըլըչդարօղլուից բարոյական փոխհատուցում վճարել 200 հազար թուրքական լիրայի (շուրջ 66.7 հազար ԱՄՆ դոլար) չափով այն «վիրավորական» արտահայտությունների համար, որն ընդդիմադիր գործիչն արել էր 2014 թվականի փետրվարին: Անկարայի դատախազությունն օրերս սկսել է մեկ այլ հետաքննություն` կապված Էրդողանի կողմից Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված մեկ այլ մեղադրանքի հետ: Այս անգամ Թուրքիայի նախագահն ընդդիմադիր գործչից պահանջում է շուրջ 33 հազար ԱՄՆ դոլարի չափով բարոյական վնասի փոխհատուցում Հանրապետական ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում իրեն «բռնապետի ծաղրանկար» անվանելու համար: