Հյուսիսկորեացի բռնապետը հայտնվել է ԱՄՆ-ի կազմած «սև ցուցակում»
Միացյալ Նահանգների իշխանությունները Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին ներառել են պատժամիջոցների կիրառման «սև ցուցակում»` նշելով, որ վերջինս մեղավոր է երկրում մարդու իրավունքների համընդհանուր ոտնահարման համար: Ինչպես նշում է The Guardian-ը, հյուսիսկորեացի բռնապետն առաջին անգամ է ներառվում ԱՄՆ-ի կազմած «սև ցուցակում»: Նրանից զատ՝ ներառվել է ևս 10 հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր մեղադրվում են մարդկանց իրավունքների ոտնահարման, սպանություևների, բռնի ուժով աշխատանքների իրականացման ու մարդկանց կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ-ի իշխանությունները նաև նշել են, որ Հյուսիսային Կորեայի բռնատիրական ռեժիմն անթույլատրելիության հասնող խստությամբ վերահսկում է մեդիան և մշակույթին առնչվող ոլորտները: «Կիմ Չեն Ընի օրոք Հյուսիսային Կորեան շարունակում է անթույլատրելի դաժանություն ցուցաբերել միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ` իրականացնելով արտադատարանային սպանություններ, բռնի աշխատանք ու կտտանքներ»,-նշել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ադամ Սզուբինը:
