Եթե զենքը չգա Ռուսաստանից, ապա կարող է գալ ուրիշ տեղից. Հերբերտ Զալբեր
Ճշմարիտ է այն, որ եթե զենքը չգա Ռուսաստանից, ապա կարող է գալ ուրիշ տեղից, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ի կողմից հակամարտող երկրներին զենքի վաճառքը ինչպիսի ազդեցություն է ունենում ԼՂ հակամարտության և առհասարակ՝ տարածաշրջանի վրա: «Ճշմարիտ է այն, որ եթե զենքը չգա Ռուսաստանից, ապա կարող է գալ ուրիշ տեղից: Կարևորն այն է, որ մարդիկ պատրաստ լինեն խաղաղությանն իրենց մտքում և գործողություններում: Եվ այն հարցը, թե որտեղից է գալիս զենքը, գուցե այս դեպքում երկրորդական է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հերբերտ Զալբերը: Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանին զենք մատակարարելու մասին Դ.Ռոգոզինի հայտարարությունները դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել Հայաստանում: «Երբ մենք զենք ենք մատակարարում, մենք գիտենք, որ կա որոշակի հավասարակշռություն, և հենց դա է հանդիսանում պատերազմը զսպող մեխանիզմ: Եվ երբ մենք գնանք այդտեղից, հենց դադարենք լինել թե Հայաստանի, թե Ադրբեջանի ստրատեգիական գործընկերը, այնտեղ կհայտնվեն տղաներ, որոնք ավելի «հմտացած են» քաղաքականության մեջ, և նրանք այդտեղ իրական մսաղաց կսարքեն՝ մեծ թվով զոհերով: Եվ հենց այդ զենքի շնորհիվ, որն ունի հարձակվողական բնույթ», - ասել էր Դ.Ռոգոզինը:
