Վրաստանում պատգամավորին մեղադրել են պետական գաղտնիք հրապարակելու համար
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իրավապահ մարմինների բարեփոխումների կենտրոն» ՀԿ-ը Վրաստանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլուն մեղադրել է պետական գաղտնիք հրապարակելու համար։ Սեսիաշվիլին օրեր առաջ հայտարարել էր, որ ահաբեկիչ Ահմեդ Չատաևը Միխեիլ Սաակաշվիլու նախագահության ժամանակ աշխատել է վրացական հատուկ ծառայություններում և կատարել օպերատիվ առաջադրանքներ։ ՀԿ-ի ղեկավար Զվիադ Կուպրավան հայտարարել է. «Այդ փաստին պետք է համապատասխան իրավական արձագանք, որպեսզի բամբասանքով զբաղվող բարձրաստիճան մի շարք անձանց մոտ չհայտնվի պետական տարբեր գաղտնիքներ հրապարակելու ցանկություն»։ Նա ընդգծել է, որ մտադիր է դիմել Վրաստանի Գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննել Սեսիաշվիլու գործողությունները։ Չատաևի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին հունիսի 28-ին Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչությանը նրա հնարավոր մասնակցության մասին։
