Սրբազան քահանայապետը կոչ է արել աղոթել Սիրիայում խաղաղության համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել սիրիական ճգնաժամի կարգավորման խաղաղ, քաղաքական ճանապարհ գտնել` բացառելով ռազմական լուծումը: «Անհրաժեշտ է հաղթահարել անտարբերությունը և ամբողջ ուժով հաստատել, որ խաղաղությունը Սիրիայում հնարավոր է: Խաղաղությունը Սիրիայում հնարավոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի իր հղած ուղերձում, որը նվիրվում է սիրիացի ժողովրդին աջակցության միջազգային կաթոլիկ Caritas Internationalis բարեգործական կազմակերպության արշավի մեկնարկին: «Բոլորը պետք է ընդունեն, որ Սիրիայում չի կարող ռազմական ճանապարհով լուծում գտնվել, այլ միայն քաղաքական: Միջազգային հանրությունը պետք է աջակցի խաղաղ բանակցություններին, որոնք կոչված են ազգային միասնության կառավարություն ստեղծելուն»,-հավելել է Հռոմի պապը: Հռոմի սրբազան քահանայապետը կոչ է արել հավատացյալներին աղոթել Սիրիայում խաղաղության համար:
