ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ. ամբողջական տեքստը
Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարարները:
