Զինվորի կզակին մահացու հրազենային վնասվածք է եղել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեից: Հաղորդվում է, որ 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Փոխանցվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ ՔԿ հաղորդագրության, կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։
