ՌԴ-ն ու Թուրքիան գտել են իրար, ինչը ՀՀ-ի համար վտանգավոր է. Արա Պապյան
«Երկու մեկուսացող պետություններն ինքնըստինքյան գտնում են իրար, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան գտան իրար, որը մեզ համար շատ վտանգավոր է:Անցյալ դարի 15-20-ական թվականներին էլ նրանք ընդհանուր շահեր գտան և նույնը տեղի է ունենում այսօր: ՌԴ-ի քաղաքականությունը գիտենք, որ սիրաշահելու քաղաքականություն է, իսկ դրա համար պետք է ինչ-որ բան զիջես: Այն, որ Պուտինն ուզում է լավացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, դա ակնհայտ է:Էրդողանի նամակում ներողություն չկար, կար ափսոսանք, կամ էլ, ինչպես թուրքագետներն են ասել՝ նշվել էր, թե անցած լինի »,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և հավելեց, որ զիջման տարբերակը Ղարաբաղն է, լավրովյան ծրագիրը, որն ածանցվում է Կազանյան փաստաթղթից ու վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Ըստ Պապյանի, եթե «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը ՀՀ-ի քաղաքականության մեջ միշտ էլ եղել է, ապա այսօր ծանոթանալով Կազանյան փաստաթղթին, հասկանալի է դառնում, որ դա էլ է նենգափոխվել, և տարածքները ոչ թե կոնկրետ կարգավիճակի դիմաց են կամ խաղաղության, այլ անհասկանալի կարգավիճակի: «Տալու ենք խիստ կարևոր տարածքներ, էլ չեմ ասում, որ դրանք ԼՂՀ -ի տարածքներն են, մեր հայրենիքի մի մասը, բայց ցավոք, բազմաթիվ նշաններ կան, որ իշխանություններն ուզում են գնալ այդ տարբերակին: Կկարողանան իրականացնել, թե՝ ոչ, դա այլ հարց է, քանի որ հասարակության մեծ մասը դրա հետ համամիտ չէ: Թղթի դիմաց տալ քիչ թե շատ կայուն վիճակ՝ սխալ է»,- ասաց նա:
