Իլհամ Ալիև. ԼՂ խնդրի լուծմանն ուղղված Օբամայի ջանքերը մոտ ապագայում արդյունք կտան
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշվող Անկախության օրվա հետ: Նամակում Ալիևը գրել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև կապերը գտնվում են բազմակողմ զարգացման ճանապարհին, և որ բազում ոլորտներում սերտ ու փոխշահավետ գործընկերությունը երկկողմ համագործակցությունը հասցրել է մինչև ռազմավարական գործընկերության: Ալիևը նամակում հիշատակել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերակատարությունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Ադրբեջանի մասնակցությունը: «Մենք մեծ հույսեր ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և անձամբ Ձեր ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, մոտ ապագայում արդյունք կտան»,- գրել է Ալիևը:
