Ֆրանսիան մերժել է Ադրբեջանի հետ հարաբերությունների քննարկման նպատակով հետաքննության հանձնաժողով ստեղծելու UDI-ի դիմումը
Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 29-ին մերժել է Ադրբեջանի հետ հարաբերությունների քննարկման նպատակով հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին UDI կուսակցության (Ժողովրդավարների միություն և Անկախներ) ներկայացրած դիմումը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է դիմումին ընդառաջել՝ հետևելով իր նախագահի՝ Էլիզաբեթ Կիկուի դիրքորոշմանը՝ գնահատելով, որ այդ նպատակով ներկայացված բանաձևը հիմնված չէ «ստույգ դեպքերի» վրա, ինչպես պահանջում է Ազգային ժողովի կանոնակարգը: Այս բանաձևի գլխավոր հեղինակն էր UDI-ի անդամ և հայերի բարեկամ երեսփոխան Ֆրանսուա Ռոշբլուան, որն իր այս նախաձեռնության համար ադրբեջանամետ մի շարք խորհրդարանականների կողմից մեղադրվում է իր անձնական հաշիվները մաքրելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը դատի էր տվել նրան այդ երկրի վարչակարգը բռնակալություն որակելու համար: Նա Բաքվի կողմից մեղադրվում էր Արցախ կատարած իր այցելությունների և Արցախի անկախությանն աջակցող կեցվածքի համար: Ռոշբլուան նաև Ռ. Ռուքեի և Կ. Թեսիեի հետ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի համանախագահն է: Նախապես տեղեկացված լինելլով UDI-ի այս տրամադրության մասին՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը զգուշացրել էր ֆրանսիական իշխանություններին նման դիմումին ընդառաջելով՝ ստեղծվելիք ժխտական միջավայրի մասին: Նշենք, որ UDI-ը ցանկանում էր այդ հանձնաժողովը ստեղծել՝ «գնահատելու համար Ֆրանսիայի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները և քննելու համար նրանց համապատասխանելիությունը Հարավային Կովկասում հետապնդված՝ խաղաղության բարելավման և ժողովրդավարացման նպատակներին»: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փոխարենը որոշել է ստեղծել տեղեկատվական առաքելություն՝ «մեծ մասամբ հայերով բնակեցված ադրբեջանական անջատողական շրջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որտեղ Ֆրանսիան 20 տարի է՝ Մինսկի խմբում միջնորդի դեր է ստանձնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին»:
