Սահմանային գյուղերում նույնպես շատ հիվանդներ կան. դասերը կհետաձգվե՞ն
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը քիչ առաջ համացանցում տարածեց հաղորդագրություն, որում ասվում է. «Առողջապահության նախարարությունն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է դեպքերի նվազում Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը ` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է կայունացման միտումը պահպանելու նպատակով ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները։ Միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն»,-նշել է Հայթայանը: Նշենք, որ Հայելի.am-ի թղթակիցը այսօր զրուցել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, որոնք փաստել են, որ իրավիճակը գյուղերում նույնպես ահազանգող է: «Մինչև հիմա միայն կրակոցներից էինք խոսում: Հիմա մոռացել ենք կրակոցների մասին ու միայն «խոզի գրիպից» ենք խոսում: Գյուղում սուր շնչառական վիրուսներով բազմաթիվ երեխաներ կան: Վատ հարևանը վերջերս մեզ մոռացել է ու կրակոցներ չկան, փոխարենը՝ հիվանդություններն են»,-մեզ հետ զրույցում փաստեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Լուսինե Ղազարյան
