Սեյրան Օհանյանը` քառօրյա պատերազմի մասին տարածված տեսանյութի մասին
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ դիրքում գտնվող զինվորը վտանգ զգալիս երբեք չի սպասի վերադասի հրամանին: Այսօր` հուլիսի 3-ին, Գյումրիում անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ զինծառայողները հրամանատարներին խնդրում են կրակ վարելու թույլտվություն, Սեյրան Օհանյանն ասաց. «Արցախյան ազատամարտն առանձնահատուկ է եղել այն առումով, որ բոլոր օղակի հրամանատարները գործել են ինքնուրույն, կարողացել են տեղում որոշումներ կայացնել ու փոքր ուժերով խնդիրներ կատարել: Այս սկզբունքը այսօր միջազգային առումով անվանվում է «հրամանադրում առաջադրանքով», որը մենք հետպատերազմյան տարիներին զարգացրել ենք եւ հասցրել ծրագրային գործունեության: Այսօր յուրաքանչյուր օղակ իր ընձեռնված մարտական խնդիրների կատարման ժամանակ ինքնուրույն է գործում: Այս տեսանյութի դիրքում տեխնիկական միջոցների առկայության պայմաններում է, որ հենց տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության: Այդպիսի բան լինել չի կարող երբեւիցե: Կա ընդհանուր առմամբ նաեւ բնազդային իրավիճակ, ոչ ոք, երբ վտանգ է սպասում, չի սպասի վերադասի հրամանին` կրակել, թե չկրակել իր կյանքը փրկելու համար: Արվել են հենց այնպես խոսակցություններ, այնպես որ այդ հարցերին մի հավատացեք»,- ասել է նա:
