Վերին Լարսում մնացած 50 հայերի տեղափոխման հարցը դեռ չի լուծվել. Նրանք գիշերում են մեքենաներում
Վերին Լարսում հունիսի 23-ից մնացած 50 հայերի տեղափոխման հարցը դեռ քննարկվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատնից «Տվյալ դեպքում այդ 50 անձի կարգավիճակը ոնց ենք լուծելու, կդժվարանամ պատասխանել: Նախապես որոշված էր, որ չվերթներով բոլորին կտեղափոխենք Հայաստան: Ծրագրել էինք չորս չվերթով իրականացնել տեղափոխումը, սակայն հետո երկու չվերթ էլ ավելացավ, որովհետեւ մարդկանց թիվը շատ էր: Այս պահին բանակցում ենք, թե ինչ անել: Կարծում եմ` մոտ ժամանակներում պարզ կդառնան հետագա քայլերը»,- ասաց դեսպանատան խորհրդական Լեւոն Թորգոմյանը: Ըստ Թորգոմյանի` անցակետերում մնացած 50 հայերից մի մասը Հայաստանի քաղաքացիներ են, մյուսները` Ռուսաստանի Դաշնության: «Այնտեղ ավելի շատ մարդ է մնացել: Դժվարությունն այն է, որ բոլորը մի կետում չեն հավաքված: Մի մասը գնացել է մոտակա գյուղեր, ապա կրկին վերադարձել»,- ասաց նա: Նշենք, որ անցակետերում մնացած հայերի մեծ մասն այժմ մեքենաներում է գիշերում, թեեւ ԱԻՆ-ը վրաններ է տրամադրել, որոնք ըստ երեւույթին, չեն բավականացնում:
