Ադրբեջանի հարձակումը հավանաբար կլինի մոտակա ամիսներին. Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին Ադրբեջանը կրկին կհարձակվի: «Գուցե ավելի փոքր ծավալներով, պակաս ինտենսիվությամբ, բայց, միևնույն է, փորձելու է ռազմական ճանապարհ գտնել խնդրի լուծման համար, քան ամբողջությամբ վերադառնալ դիվանագիտական գործընթացին: Հավանաբար, այդ հարձակումը կլինի ամռան մոտակա ամիսներին, ինչը կցուցադրի զսպման միջոցների պակաս, երբ որևէ բան չի կարող հետ պահել Ադրբեջանին հարձակվելուց: Սա նաև բացահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սահմանափակ հնարավորությունները, ու որքան էլ հզոր պետություններ են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան իրենց դիվանագիտությամբ, միևնույն է, նրանք շատ քիչ լծակներ և վերահսկողություն ունեն ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ հակամարտության նկատմամբ»,- ասել է քաղաքագետը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը նորից կփորձի վերադարձնել գրավյալ շրջաններից մեկը կամ երկուսը, որովհետև ապրիլյան հարձակումների մեծ մասը ռազմավարական առումով ավելի շատ կենտրոնացած էին գրավյալ շրջանների, քան բուն Լեռնային Ղարաբաղի վրա: «Միաժամանակ հնարավոր է, որ Մինսկի խումբը և մասնավորապես Ռուսաստանը ճնշում գործադրեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա՝ հանձնելու Ադրբեջանին 1-2 գրավյալ շրջան: Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը շատ ավելի ուժեղ դիրքերում են, քան Ադրբեջանինը, բայց միևնույն ժամանակ դիվանագիտական ճնշումը կարող է մեծանալ»,-նշել է Կիրակոսյանը: Ըստ քաղաքագետի՝ եթե Ադրբեջանի տեսանկյունից նայենք, հարձակումը չափազանց գայթակղիչ ու շահավետ է, որպեսզի Ադրբեջանը նախընտրի ռազմական հարձակումը դիվանագիտությանը, հնարավոր ներքին օգուտները այդ հարձակումից չափազանց գրավիչ են Ալիևի համար: Դիտարկմանը, թե այնքան էլ հեշտ չէ 1-2 շրջանները գրավելը, քաղաքագետը պատասխանել է. «Դա ենթադրում է զուտ ռազմական տրամաբանություն, որն այստեղ չի գործում, այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակումները մեծամասամբ չեն առաջնորդվել ռազմական տրամաբանությամբ, այլ համաձայնեցվել են դիվանագիտական օրացույցի հետ և հիմնվել ներքին քաղաքականության վրա: Իրական վտանգն այստեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակառակորդի անխոհեմությունն ու անկանխատեսելիությունն է»: Ըստ քաղաքագետի՝ բանակցություններում ուշագրավն այն է, որ ադրբեջանական կողմը իր ապրիլյան հարձակմամբ վերասահմանեց ստատուս քվոն: «Ադրբեջանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացավ գրավել և պահել տարածքներ, ուստի մենք տեսնում ենք նոր ստատուս քվո, որն ավելի հրատապ է դարձնում դիվանագիտական առաջընթացը: Բայց այս պահին գլխավոր մարտահրավերը զինադադարի մասին համաձայնագիրը վերականգնելն է»,-ասել է Կիրակոսյանը: Ըստ նրա՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կարևոր քննություն էր Ադրբեջանի համար, քննություն, թե արդյոք Բաքուն պատրաստվո՞ւմ է կատարել իր խոստումները, և ակնհայտ է, որ առայժմ դա տեղի չի ունեցել. դեռևս պիտի իրագործվեն մի շարք պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել են Պետերբուրգում Ադրբեջանի կողմից: Ուստի սա դեռևս Մինսկի խմբի ձևաչափի մեջ է, բայց ճնշումները մեծամասամբ գործադրվում են Ադրբեջանի վրա: Լրագրողի հարցին, թե վերջին շրջանում շատ է խոսվում տարածքների վերադարձի մասին, արդյոք իր կարծիքով այս հարցերն իսկապես քննարկվում են, Կիրակոսյանը բացասական պատասխան է տվել. «Ո՛չ, չեմ կարծում, որովհետև Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի հարցը միշտ էլ ընդունվել է որպես առևտրի առարկա, որպես համապարփակ բանակցությունների մի մաս: Գրավյալ տարածքների մեծ մասը ժամանակի ընթացքում կվերադարձվեն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության երաշխիքների դիմաց: Այնուամենայնիվ, Լաչինը (ոչ թե Լաչինի միջանցքը, այլ Լաչինի շրջանը) և Քելբաջարը այլևս չեն կարող լինել նման առևտրի առարկա: Սա ևս դիվանագիտության քննություն է: Մենք էլ մեր հերթին պետք է հիշեցնենք բանակցության մասնակիցներին Ադրբեջանի կողմից Շահումյանի և Մարտակերտի շրջանների օկուպացման մասին: Մենք նույնպես պիտի ուժեղացնենք մեր փաստարկները»: Ըստ քաղաքագետի՝ բանակցություններում ապրիլից հետո հիմնական ուշադրությունը կենտրոնացել է հակամարտության գոտում կոնկրետ անվտանգություն ապահովելու վրա, և միայն դրանից հետո հնարավոր կլինի վերադառնալ դիվանագիտական բանակցությունների: «Սա նշանակում է, որ քիչ հավանական է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի կողմից ցանկացած բնույթի միակողմանի զիջումը: Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը միտված է ձախողելու դիվանագիտական գործընթացը, հետևաբար գլխավոր խնդիրը անվտանգությունն է և հույսը սեփական ուժերի վրա դնելը: Այդ պատճառով Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրական վտանգը Ռուսաստանի քաղաքականությունն է, Ռուսաստանի դավաճանությունը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: Սա ավելի մեծ մարտահրավեր է: Ադրբեջանի քաղաքականությունը և՛ առավելապաշտական է, և՛ կանխատեսելի, մինչդեռ Ռուսաստանի քաղաքականությունն ավելի վտանգավոր է»,-ասել է քաղաքագետը:
