Ինչու է աշխատանքից ազատվել Նարեկ Մալյանը. նոր մանրամասներ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունում կրճատվել են մի քանի հաստիքներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հաստիքը: Այս մասին հայտնել են ոստիկանությունից, թեեւ լուրեր են շրջանառվում, որ Մալյանը ոչ թե ազատվել է ոստիկանության համակարգից, այլ հեռացվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հրամանով: Hraparak.am-ը զրուցեց Նարեկ Մալյանի հետ, թե ինչո՞ւ են նրան ազատել աշխատանքից, ոստիկանապետի նախկին խորհրդականը պատասխանեց. «Ինձ չեն ազատել աշխատանքից, կրճատել են այն հաստիքը, որտեղ ես աշխատում եմ և ոչ միայն իմ, այլ ևս 7 հոգու, օգնականների և խորհրդականների օպտիմալացման շրջանակներում կրճատվել է: Ես հասկանում եմ, որ կան ինչ-որ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ ինձ հեռացնեն, ինչ-որ ինտրիգներ փնտրեն, բայց նման բան չկա, հաստիքն է կրճատվել և ոչ միայն իմ»: Մինչդեռ, Hayeli.am-ի տեղեկություններով, Նարեկ Մալյանի ազատման պատճառը եղել են նրա կողմից հյուսված ինտրիգները, ինչպես ոստիկանական համակարգի ներսում, այնպես էլ՝ դրսում, որոնք եղել են անձնավորված և ուղղորդված: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի ազատման պատճառ է հանդիսացել նաև սոցցանցերում իր միջոցով մի շարք ֆեյքերի կողմից խառնակիչ և զրպարտիչ բնույթ կրող գործունեության ծավալումը:
