ԼՂ հակամարտության գոտու իրադրությունն ընդգրկվել է Թբիլիսիում բացվող ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանի օրակարգում
57 երկրների 700-ից ավելի պատվիրակներ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ հուլիսի 1-ից մինչեւ 5-ը Թբիլիսիում անցկացվող տարեկան նստաշրջանում քննարկելու են գլոբալ միգրացիայի, տնտեսական համագործակցության, անվտանգության եւ մարդու իրավունքների ոլորտի մարտահրավերների հարցերը: ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանը կընթանա «Խորհրդարանական համագործակցության 25 տարին. վստահությունն ամրապնդելով երկխոսության միջոցով» նշանաբանի ներքո: Ամառային նստաշրջանի շրջանակներում կկայանան քաղաքական հարցերի եւ անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեների նիստերը: Նստաշրջանի օրակարգում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության ապրիլյան սրման հարցը: Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը՝ նպատակ ունենալով կանխել սեռական շահագործումը եւ երեխաների առեւտուրը: Տարեկան նստաշրջանը կավարտվի «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ եւ վեհաժողովի նախագահի ընտրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
