Սաակաշվիլին Ստամբուլի ահաբեկչության վերաբերյալ ուշագրավ բացահայտում է արել
Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության իրականացման կասկածյալներից չեչեն Ահմեդ Չատաևը մի քանի ամիս ձերբակալված է եղել Վրաստանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Չատաևին ազատել են 2012 թվականին, գրում է lenta.ru-ն: «Նա ձերբակալվել է Վրաստանում իմ կառավարության կողմից այժմ Օդեսայի ոստիկանությունը գլխավորող գեներալ Գեորգի Լորդկիպանիձեի գլխավորությամբ իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ: Մեր անվտանգության ուժերի երեք աշխատակից է սպանվել այդ գործողության ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին: Նա գրել է, որ 2012 թվականին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վրաստանի կառավարությունը նրան ազատ է արձակել:«Նոր վրացական կառավարությունը՝ ռուս (ռուսամետ-Խմբ.) օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ, արագ ազատ է արձակել նրան, քանի որ իշխանության շատ ներկայացուցիչներ նրան քաղբանտարկյալ էին հռչակել: Ես դեռ նախագահ էի և ընդդիմացա նրա ազատ արձակմանը, բայց դատախազությունն այլ կերպ որոշեց»,- գրել է Սաակաշվիլին:
