Հայկ Կյուրեղյանի ջրադուլի իրական պատճառները
Հունվարի 18-ի երեկոյան հացադուլից բացի նաև ջրադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակն այս պահին բավարար է. այս մասին Հայելի.am-ին ասացին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Առողջական վիճակը այս պահի դրությամբ դեռ բավարար է: Հայկ Կյուրեղյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,-ասացին մամուլի բաժնից: Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը, ով 8 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, հունվարի 18-ի նաև հայտարարել է ջրադուլի մասին: Կյուրեղյանը տեղեկացրել է, որ հացադուլի և ջրադուլի միջոցով պահանջ է ներկայացնում մենախուց տեղափոխվելու համար: Մամուլի բաժնից նշեցին, որ պահանջի ընդառաջման մասով դեռևս ոչինչ չեն կարող ասել: Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ով որդուն տեսակցել է երեկ, մեզ հետ զրույցում նշեց.«Հայկը բավականին հյուծված էր, առողջական վիճակը վատ: Նրա պայքարը` առանձին խցում լինելու հետ կապված չեն բավարարվում: Ես անորոշ վիճակում եմ` Հայկին տրամադրել էին առանձնախուց, բայց չգիտես ինչու նորից փոխադրեցին ընդհանուր խուց: Սա ինձ համար շատ արհեստական է»,-ընդգծեց Հայկի հայրը: Հայկ Կյուրեղյանի հայրը հաստատեց Հայելի.am-ի տեղեկությունը, ըստ որի իր որդին և հունվարի 1-ին կալանավորված ակտիվիստ, ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը նույն խցում են եղել: «Հետո Գևորգ Սաֆարյանին տարել են այլ խուց և Գևորգը հացադուլ է սկսել:Հայկը սատարել է ընկերոջը և դիմագրավելով ճնշումներին կրկին հացադուլ է սկսել: Այլ պատճառներ միշտ էլ կգտնվեին: Ես անհանգստանում եմ իմ որդու առողջության համար»,-փաստեց Արմենակ Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 2014թ հունիսի 12-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով տեղի ունեցող դատավարության ժամանակ, բարձրացել է դատարանի տարածքում գտնվող մեքենաներից մեկի վրա և որպես բողոքի նշան իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանին դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: Հարուցված գործի շրջանակներում Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ-ի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման: Լուսինե Ղազարյան
