Ի՞նչ ճնշումներ են գործադրվում Գևորգի նկատմամբ
«Իրականում գործ չկա ու առիթ էր հարկավոր Գևորգին կալանավորելու համար»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանը տեղեկացրեց, որ այսօր քաղաքացիական նախաձեռնության մի խումբ անդամներ տարբեր դեսպանատների մոտ ակցիաներ են իրականացնելու, որով հայտնելու են մարդու իրավունքների ոտնահարման և Հայաստանում քաղբանտարկյալների առջև ծառացած խնդիրների մասին: Քաղաքացիներն ակնկալում են դիվանագիտական ներկայացուցչությունների միջամտությունը՝ քաղբանտարկյալներ Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար նրանց քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ նույն խցերում չտեղավորելու, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին Հյուման Ռայթս Ուոչ-ի պաշտոնական հայտարարության համաձայն ազատ արձակելու հարցերում: Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ Գևորգ Սաֆարյանը այլևս հացադուլի մեջ չէ: Ավետիսյանը նշեց, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը տեղեկացրել է, որ Գևորգի վիճակը այս պահին բավարար է: «Գևորգը դեռ «07» խցում է մի խցակցի հետ: Հայկ Կյուրեղյանի հետ նույն խցում եղել են, այս պահին նրանց առանձնացրել են»,-նշեց Վարուժան Ավետիսյանը: «Գևորգը գետնի վրա պայքարող երիտասարդություն առաջամարտիկ էր դարձել: Որպես պայքարող անհատ Գևորգը մոբիլիզացնող գործոն էր և էտալոնային սիմվոլ: Գևորգին մեկուսացնելը որոշակի նպատակ էր հետապնդում: Այս դեպքում նպատակը՝ երիտասարդությանը ահաբեկելն էր : Այս ամբողջ հաշվեհարդարը երիտասարդներին քաղաքականությունից հեռացնելու համար է»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է հունվարի 1-ին՝ տոնածառներով երթ իրականացնելու ժամանակ: Լուսինե Ղազարյան
