Ձմեռային էլէգիա, ըստ Սեյրան Օհանյանի կնոջ. լուսանկարներ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, ժամեր առաջ նոր լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Շարքը Ռուզաննա Խաչատրյանը վերնագրել է` «Ձմեռային էլէգիա»:
Այս անգամ ավանդական ծաղիկների տեղը զբաղեցրել է սեւ ու սպիտակ գույներով գլոբուսը` հարմարեցված նախարարի կնոջ հագուստի սեւ ու սպիտակ գույներին:
Ռուզաննա Խաչատրյանը գրել է`
«Ձմեռ է:
Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև չարիքից:
Առավոտ է: Շտապում եմ...Մաքուր ու պաղ օդը շամփրում է ճակատս: Ծակող արևից կկոցելով աչքերս՝ փորձում եմ շնչել վաղորդյան սառը, թարմ օդը՝ ցրելով տխուր մտածումներս, երբ հեռվից մի ձայն շշուկով հուշեց.
«... Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛, և արևի մեջ այսքան ձյու՛ն չկա...»...
Շուրջս հալված ձյան շերտերը տեղ-տեղ բացել են գետինը ու շրջապատող աշխարհը դարձրել հստակ սև և սպիտակ:
Մտորելով բարձրանում եմ աշխատասենյակ: Սենյակի տաք օդը վանում է մի տեսակ: Բացում եմ պատուհանն ... ու հրաշք... Փոքրիկ սպիտակ աղավնին փորձում է ներս սողոսկել: Հազիվ եմ գրկում նրան, երբ իրեն ներս է գցում նաև զուգընկերը՝ թավշյա սևուկը: Տաք սենյակը լցվում է նրանց փափուկ թևերի ճախրանքով՝ սիրով ու բերկրանքով:
Երբ գեղեցիկ զույգը ճեմում էր սեղանիս վրա, նայում էի նրանց ու մտորում՝ այսօր սևն ու սպիտակը չեն հակադրվում միմյանց, այլ լրացնում են՝ միահյուսվելով դառնալով խաղաղության, միասնության ու սիրո խորհրդանիշ:
...Այնպես ուզում եմ աշխարհին խաղաղություն, բարություն, սեր ու ճախրանք պարտադրել...
Եվ երբ կգա գարունը, թող հավերժ ջնջվեն աշխարհակործան պատերազմները, թշնամանքը, սուտն ու չարիքը:»

