Թուրքիան կվերահսկեն
Գերմանիան պատրաստվում է վերահսկել Թուրքիային հատկացվող միջոցների ծախսումը, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վարած քաղաքականությամբ ավելի ու ավելի է հեռանում Եվրամիության սկզբունքներից, հաղորդում է Deutsch Türkische Nachrichten լրատվամիջոցը։ Վերջին տարիների ընթացքում Գերմանիայի հարկատուները Թուրքիային վճարել են ավելի քան մեկ միլիարդ եվրո՝ Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու համար ուղղված աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Լրատվամիջոցը նշում է, որ օգնության փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ մարդու իրավունքների ու խոսքի ազատության թեմաները Թուրքիայում դեռևս քննարկելու առարկա են և ավելին՝ մտահոգության տեղիք են տալիս։ Ահա թե ինչու են գերմանացի քաղաքական գործիչները կարծում, որ Էրդողանն իր իսկ ջանքերով երկիրը հեռացնում է Եվրամիությանն անդամակցելու հեռանկարից։
«Մենք պարտադիր ենք համարում Թուրքիային տրամադրվող միջոցների ծախսման վերահսկումը` մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան մինչ օրս հետ է մնում խոսքի, դավանանքի և մամուլի ազատության հիմնարար սկզբունքներից՝ դրանով իսկ խախտելով մարդու հիմնական իրավունքները»,-նշել է Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Սինգհամերը։
