Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարի նոր մեթոդ է մշակվել
Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համար քննարկվել է մինչեւ հղիության 30-րդ շաբաթը երեխայի սեռը հայտնելն արգելելու հնարավորությունը, բայց այդ հարցում այլ երկրների փորձի ուսումնասիրությունից հետո Առողջապահության նախարարությունը որոշել է ձեռնպահ մնալ արգելիչ միջոցներից: Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համար քննարկվել է մինչեւ հղիության 30-րդ շաբաթը երեխայի սեռը հայտնելն արգելելու հնարավորությունը, բայց այդ հարցում այլ երկրների փորձի ուսումնասիրությունից հետո Առողջապահության նախարարությունը որոշել է ձեռնպահ մնալ արգելիչ միջոցներից: Այդ մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, Հնդկաստանում էխոսկոպիաները նույնիսկ համարակալել են, բայց հարցը դրանով չի լուծվել», - ասել է նա` հավելելով, որ այս գործում շատ կարեւոր նշանակություն ունի այն, որ այժմ ընտանիքներում քիչ երեխաներ են ծնվում, Հայաստանում ծնելիության ինդեքսը 1.6 է: Եվ բնական է, որ ծնողներն այդ դեպքում ուզում են տղա ունենալ: «Բայց եթե ընտանիքում 3-4 երեխա ծնվեր, նրանց մեջ անպայման տղա կլիներ: Այդ պատճառով անհրաժեշտ է խթանել ծնելիությունը», - նշել է Գայանե Ավագյանը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս քննարկվում է օրենքի մի նախագիծ, որի համաձայն, այն կնոջը, որը կդիմի հղիության ընդհատման համար, (մինչեւ հղիության 12-րդ շաբաթը նա դրա իրավունք ունի), երեք օր մտորելու ժամանակ կտրվի: Այդ ընթացքում նրա հետ բացատրական եւ հոգեբանական աշխատանք կտարվի, բժիշկը կփորձի պարզել հղիությունն ընդհատելու մտադրության իրական պատճառները, հասկանալ, թե դա արդյոք կապված է երեխայի սեռի հետ: Հնարավոր է, որ նման խորհրդակցությունների դեպքում կինը միտքը փոխի:
