Պատերա՞զմ, թե՞ նյարդերի պատերազմ. Սանկտպետերբուրգյան հանելուկ

Երեքի հայտարարությունը` ոչինչի մասին Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացան ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետև կայացել է եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպում։ Հանդիպումը կայացավ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: «Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Դրական քայլեր են կատարվել ղարաբաղյան խաղաղության ուղղությամբ այսօր Սանկտ Պետերբուրգյան գագաթնաժողովում, դա ներառում է նախագահների համատեղ հայտարարությունը»: Իսկ ի՞նչ էական բան է ասվել երեկ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդես են եկել համատեղ հայտարարության մեջ: Ոչի՛նչ: Գոնե պաշտոնական հայտարարությունը` ընդամենը հայտարարություն էր` հայտարարության համար: Հետաքրքրականն այն է, որ մինչև բանակցությունները ռուսական կողմը շատ նպատակաուղղված քարոզչություն էր տանում, թե Մոսկվան վճռական քայլերի է դիմում այս բանակցություններով` խաղաղության հաստատման ճանապարհին: ՌԴ նախագահի օգնականը հունիսի 17-ին ասաց, որ ռուսական կողմը կնախաձեռնի ակտիվ քայլեր, որոնք պետք է նպաստեն խնդրի կարգավորմանը։ Ուշակովը հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի օրերին Մոսկվայի միջամտությունից հետո է հրադադար հաստատվել։ «Այսօր մենք շարունակելու ենք մեր միջնորդական առաքելությունը, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին՝ հիմնվելով այն հայտարարությունների վրա, որը արել էին ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 2009-2013թթ.։ Մեր կողմն անցկացնելու է ամենաշահագրգիռ և ակտիվ երկխոսություն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 2009-2011թթ, հիշեցնենք, Մոսկվան ակտիվորեն զբաղվում էր ղարաբաղյան խնդրով, և այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունները պետք է ավարտվեին Կազանում 2011-ի կնքվելիք փաստաթղթով։ Սակայն Ալիևը վերջին պահին, Մեդվեդևի և Սարգսյանի համար անսպասելի, առաջ էր քաշել տասը նոր պայմաններ։ Ըստ այդ տապալված և արդեն հրապարակված կազանյան փաստաթղթի, Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձներ հինգ շրջաններ, Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահներ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր անորոշ ժամանակ հետո։ Այս մասին «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի նախագահը։ Կազանյան փաստաթղթի հեղինակը Ռուսաստանն էր, թեև այն ժամանակ էլ բանակցությունները դե յուրե անցնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ճիշտ այնպես, ինչպես այսօր կայանալիք բանակցություններն են։ Ռուսական «Ռոսբալտ»-ը սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին գրում է, որ կազանյան այս ծրագրում կարող են լինել որոշ ուղղումներ։ «Ռոսբալտ»-ը նաև նկատում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր բարդ ժամանակներ են, և որ Հայաստանում աճում է դժգոհությունը Ռուսաստանի նկատմամբ, չնայած Մոսկվայի միջամտությունից հետո է հնարավոր եղել դադարեցնել ապրիլյան պատերազմը, որը եթե շարունակվեր, ըստ «Ռոսբալտ»-ի, շատ տխուր հետևանքներ կունենար հայկական կողմի համար։ «Ռոսբալտ»-ը գրում է նաև, որ այսօր Մոսկվան ու Բաքուն լուրջ համատեղ ծրագրեր ունեն, մասնավորապես՝ «Գազպրոմ»-ը մտադիր է Ադրբեջանում կառուցել գազի վերամշակման խոշոր գործարան։ Պուտինի ոչ դյուրին բանակցությունները` Սարգսյանի ու Ալիևի հետ Դեռ մինչև եռակողմ բանակցությունները Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի գնահատմամբ՝ Ռուսաստանի նախագահի բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանցի նախագահների հետ դյուրին չեն լինելու։ «Բանակցությունները, բնականաբար, բարդ են լինելու, հիմնական խնդիրն է՝ ապահովագրվել ռազմական գործողությունների վերսկսումից, թույլ չտալ, որ կորչեն այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ բռնությունների վերսկսման պահին», ասել էր Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. «Ծանր աշխատանքային օր է սպասվում»։ Իսկ ավելի վաղ` ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նկատել էր, թե Կրեմլը մտադիր է ձեռնարկել ակտիվ քայլեր, որպեսզի աջակցություն ցուցաբերի կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու հարցում: «Բնականաբար, մեր կողմից ձեռնարկվելու է ակտիվ փորձ՝ օժանդակել կողմերին հակամարտության կարգավորման հարցում: Մենք արդեն խաղացել ենք, կասեի անգամ, որ վճռորոշ դեր ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում, որոնք ընթանում էին»,- հավելել է Ուշակովը: Ահա, նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է. «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին։ Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»։ Ապա` Ս.Սարգսյանը հավելել է. «Ցավոք, մեկ կողմի ցանկությամբ այսպիսի հակամարտությունները չեն կարգավորվում։ Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների համաձայն, որոնց հասել ենք, այսինքն՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ։ Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների համար»։ Սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին հանդես էր եկել նաև Ալիևը` ասելով. «Եկել է հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Ադրբեջանը մտադիր չէ շարունակել անբովանդակ բանակցություններ, և եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք ևս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում են»։ Ռամադանի կապակցությամբ հրավիրված ճաշկերույթին, անդրադառնալով այսօր սպասվող՝ ղարաբաղյան հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, Ալիևը շեշտել է. - «Մենք մտադիր չենք վարել անիմաստ բանակցություններ։ Մենք չենք վարի բանակցություններ հանուն իմիտացիայի»։ «Անհապաղ, անվերապահորեն պետք է սկսվեն իմաստալից, բովանդակային բանակցություններ։ Նման դեպքում հնարավոր կլինի մոտենալ հարցի խաղաղ լուծմանը», - հայտարարել է Ալիևը՝ հավաստիացնելով, թե այդ հարցում իր հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց ղեկավարները։ «Նրանք նշում են, որ հարցը պետք է կարգավորվի կարճ ժամկետներում, որ ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի», - միջնորդներին վկայակոչելով՝ պնդել է Ադրբեջանի նախագահը, միևնույն ժամանակ հավելելով, որ այդ մասին լսել է բազմիցս, սակայն դեռ խոսքը գործ չի դարձել։ Նախկինում իր ռազմատենչ հայտարարություններով աչքի ընկնող Ադրբեջանի ղեկավարը պետերբուրգյան հանդիպումից առաջ հնչեցրած իր ելույթում հիմնականում խաղաղությունից էր խոսում։ «Ադրբեջանական կողմը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու։ Ադրբեջանը խաղաղության կողմնակից է», - մի քանի անգամ ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ կարծիք հայտնելով, թե դրան հասնելու համար «Հայաստանը պետք է հրաժարվի զավթողական քաղաքականությունից և ազատի ադրբեջանական հողերը»։ Ի դեպ, մինչ Ադրբեջանի ղեկավարը խաղաղության մասին էր խոսում, ադրբեջանական զինուժը խոշոր զորավարժություններ էր սկսում մոտ 25 հազար զինվորի մասնակցությամբ, մի քանի հարյուր միավոր տանկերի, հրթիռային և հրետանային կայանքների, ռազմական ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։ Մինչև հունիս 24-ը շարունակվելիք այս զորավարժությունները, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցկացվում են «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ Պուտինը չի կարող ձախողում թույլ տալ. Kommersant-ի բացահայտումը Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հարցով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, բանակցությունների օրը գրում էր ռուսաստանյան հեղինակավոր «Kommersant»-ը, ներկայացնում է 1in.am-ը։ Պատերազմի եզրին երերացող և ռուսական տարածքում երկխոսության վերսկսմանը համաձայնած երկու պետությունների առաջնորդների անձնական հանդիպումը Մոսկվային վերադարձնում է առաջատարի դերը հետխորհրդային տարածքի հնագույն հակամարտություններից մեկի կարգավորման գործում։ Փորձագետները նշում են, որ ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորած է Երևանի ու Բաքվի միջև լայնածավալ ընդհարման ավելի ու ավելի իրական սպառնալիքով, որը կարող է պայթեցնել իրավիճակը ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում և Ռուսաստանը դարձնել գլխավոր պարտված կողմ։ Մոսկվայի առջև դրված է բարդ խնդիր՝ իրավիճակը ոչ միայն պահել հսկողության տակ, այլև առաջ մղել ԼՂ հարցով շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի հրադադարի ռեժիմը և կդառնա ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզ»։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից հետո Ռուսաստանի գլխավոր դիվանագիտական հարթակը մնում է նրա հյուսիսային մայրաքաղաքը։ Հարցի շուրջ ինտրիգն այն է, թե որ երկիրը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, ովքեր մայիսի 16-ին Վիեննայում կայացած կարճատև հանդիպմանը պայմանավորվել են վերսկսել բարձր մակարդակով բանակցությունները մինչև հունիսի վերջ, որին հաշված շաբաթներ են մնացել։ Սկզբում որպես հանդիպման հնարավոր վայր համարվում էր Փարիզը, իսկ կողմերի միջև հիպոթետիկ միջնորդ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Սակայն հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահի՝ Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջատար դերը պետք է պատկանի Ռուսաստանին (ավելի վաղ այցով Բեռլինում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը)։ Հաշվի առնելով, որ ներկայում ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, Անգելա Մերկելի հայտարարությունը ցույց է տվել արևմտյան միջնորդների պատրաստակամությունը ռուսական դիվանագիտությանը տալու նոր հնարավորություն՝ կարգավորելու հետխորհրդային տարածքում հնագույն հակամարտություններից մեկը։ «Ռուսաստանը չի կարող թույլ տալ գագաթաժողովի տապալում» Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կդառնա Ռուսաստանի արդեն երկրորդ փորձը՝ խաղալու առանցքային դեր երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև հակամարտության կարգավորման գործում։ Նրանցից մեկը մտնում է ՀԱՊԿ-ի կազմի մեջ և ունի Մոսկվայի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, մինչդեռ մյուսը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Անդրկովկասում։ 5 տարի առաջ՝ 2011թ. հունիսի վերջին, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Կազանում՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ։ Գագաթնաժողովն առաջացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ բեկման սպասումների նոր բռնկում։ Սակայն, չնայած հնարավոր փոխզիջման տարբերակների հանգամանալից մշակմանը՝ կողմերն այդպես էլ չկարողացան պայմանավորվածության գալ։ Հինգ տարի անց նկատելիորեն փոխվել է և՛ իրավիճակը տարածաշրջանում, որը ստատուս քվոն դարձրել է ավելի ու ավելի փխրուն, և՛ կողմերի հռետորաբանությունը, որն ավելի կտրուկ է դարձել։ Դրա վկայությունն են դարձել ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած ռազմական բախումները Լեռնային Ղարաբաղում՝ ամենակատաղին 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրման պահից ի վեր։ Ի՞նչ կհետևի սանկտպետերբուգյան բանակցություններին` ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, դա ինչ-որ բանի սկիզբ էր մի` ոչինչ չասող հայտարարությամբ, որի տակ կարող է թաքնված լինել վտանգավոր սցենար` վատ, կամ ավելի վատ գործարքով: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am