Ադրբեջանի նախագահի դիպլոմը կե՞ղծ է

Կարծես թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխացավանքները քիչ էին, հիմա էլ նա կանգնած է մի նոր մեղադրանքի առջև՝ հնարավոր է, որ նա կեղծել է իր բարձրագույն կրթության դիպլոմը: Եթե սա ճիշտ լինի, ապա նա ստիպված կլինի հրաժարական տալ իր նախագահական պաշտոնից և հնարավոր է բանտարկվի կամ աքսորվի: Որոշ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի, ինչը կարող է նրան զրկել նախագահի պաշտոնից, քանի որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ պահանջվում է, որ նախագահի թեկնածուները «ավարտած լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունը»: Լրագրող Չենգիզ Չանդարը, Al-Monitor.com կայքում հունիսի 15-ին տեղադրված՝ «Արդյոք Էրդողանի համալսարանական դիպլոմը կեղծվա՞ծ է» խորագիրը կրող հոդվածում լուրջ կասկածներ է առաջ քաշում Թուրքիայի նախագահի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ: Ինչպես բացատրում է Չանդարը. «Էրդողանը հաճախել է իմամ հաթիփ դպրոց՝ միջնակարգ դպրոցի մակարդակի մի հաստատություն, որը կրթում է կրոնական քարոզիչների: 1970-80-ական թվականների շրջանավարտները կարող էին շարունակել իրենց բարձրագույն կրթությունը միայն աստվածաբանության բնագավառում»: Այդուհանդերձ, երբ  2014 թ. օգոստոսին Էրդողանը թեկնածու էր նախագահի պաշտոնի համար, նա Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրել է իր դիպլոմի լուսապատճենը՝ պնդելով, որ նա բակալավրի աստիճան է ստացել 1981 թվականին Մարմարայի համալսարանի տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետից: Խնդիրն այն է, որ Մարմարայի համալսարանը հիմնադրվել է միայն 1982 թվականին, ուստի անհնարին էր, որ Էրդողանը համալսարանն ավարտեր դրա հիմնադրումից մեկ տարի առաջ: Քանի որ տնտեսագիտության ֆակուլտետը հիմնադրվել է միայն 1983 թվականին,  ապա Էրդողանը չէր կարող այն ավարտել 1981-ին, ինչպես նա պնդում է: Ցավոք, այս կասկածելի մեղադրանքներից  ոչ մեկը Թուրքիայում չի կարող մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել լրատվամիջոցների կամ քաղաքացիական հասարակության կողմից՝ Էրդողանի վարչակարգի բռնատիրական բնույթի պատճառով, որը սովորաբար փակում է թերթերը և հետապնդում բոլոր ընդդիմախոսներին: Նախագահի օգնականները անդրդվելի են. նրանք Էրդողանի դեմ մեղադրանքները համարում են անհիմն, քանի որ դրանք տարածում են ընդդիմադիր կուսակցությունները: Առաջին բողոքը ստացվեց նախկին դատավոր Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի կողմից, որն իր կասկածները ներկայացրեց Բարձրագույն ընտրական խորհրդին՝ Էրդողանի բարձրագույն կրթություն չունենալու մասին նրա դիպլոմի լուսապատճենում առկա անճշտությունների պատճառով: Ընտրական խորհուրդը միանգամից մերժեց դատավորի դիմումը: Երկրորդ մարտահրավերը նետեց թուրք ծայրահեղ ազգայնական Գյոքչէ Ֆիրաթը, որը մանրամասն փաստարկներ  ներկայացրեց՝ պաշտպանելով այն պնդումը, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է: Ֆիրաթը պահանջեց նայել Էրդողանի դիպլոմի բնօրինակը, այլ ոչ թե պատճենը, որ նա ներկայացրել էր Բարձրագույն ընտրական խորհրդին: Թուրք ազգայնականը մեղադրեց Մարմարայի համալսարանի ռեկտորին և դեկանին՝ Էրդողանի դիպլոմը կեղծելու հանցագործությանը սատարելու համար: Նա պնդեց, որ Մարմարայի համալսարանի ռեկտորի և դեկանի ստորագրությունները չեն համապատասխանում նույն համալսարանից իր ստացած դիպլոմում առկա ստորագրություններին: Նա նաև կասկածի տակ առավ Էրդողանի դիպլոմում հայտնաբերված հաջորդական համարի վավերականությունը: Վերջապես, Ֆիրաթը պնդեց, որ Թուրքիայի նախագահի դիպլոմի տեսքը տարբերվում է մյուս շրջանավարտների ստացածներից: Այս ամսվա սկզբին, քրդամետ ԺԴԿ կուսակցությունը պաշտոնական խորհրդարանական հարցում ներկայացրեց կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պահանջելով «հստակեցնել Էրդողանի համալսարանական դիպլոմի շուրջ ստեղծված առեղծվածը»: Ի պատասխան Բարձրագույն ընտրական խորհուրդ ուղարկված համանման մի հարցման՝ ԺԴԿ-ն ստացավ Թուրքիայի նախագահի նոտարական կարգով հաստատված դիպլոմի պատճենը: Սակայն, ԺԴԿ-ն հայտարարեց, որ շարունակելու է վիճարկել այդ դիպլոմի վավերականությունը: Չենգիզ Չանդարն իր հոդվածում լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Էրդողանի որպես Թուրքիայի նախագահի լեգիտիմության մասին, եթե հաստատվի, որ նրա դիպլոմը կեղծված է. «Եթե հարցին լրջորեն մոտենանք, ապա Թուրքիայում այս հակասությանը կհետևեն հսկայական իրավական հարցեր: Եթե պարզվի, որ Էրդողանը երբեք նախագահ ընտրվելու իրավունք չի ունեցել, ապա այն ամենը ինչ նա ստորագրել կամ իրականացրել է, կհամարվի անվավեր զուտ իրավական տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից, այն մի ամբողջ զինանոց կապահովի նրա քննադատների համար, որոնց թիվն արտերկրում արագորեն աճում է: Եվ եթե Էրդողանի դիպլոմի կեղծ լինելն ապացուցվի, ապա այն բնականաբար հնարավորություն կտա նրա միջազգային հակառակորդներին առաջ քաշելու նրա տիտղոսի օրինական լինելու հարցը»: Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը: Պետք է նաև Էրդողանին հոգեբանական հետազոտության ենթարկել՝ նրա մշտապես անհավասարակշիռ հոգեվիճակը գնահատելու համար… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am