«Մարդկանց «փուռն» են տալիս». կրկին կփակվի՞ Բաղրամյանը
Քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ առաջիկայում մտադիր է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության պարզաբանումը: Այս մասին Հայելի.am-ի թղթակցին տեղեկացրեցին շարժման աջակիցները: Մեր զրուցակցի խոսքով` ակտիվիստները մտադիր են նաև լայնածավալ ակցիաների շարք սկսել և գործողությունները տանել «Էլեկտրիկ Երևանի» սցենարով: Քաղաքացիական ակտիվիստներին զայրացնողը մեկ իրողություն է` նախորդ ամսվա գազի աննախադեպ բարձր վճարները, որոնք շատ օգտագործողների մոտ անորոշություն և բարկություն են առաջացրել: ԶԼՄ-ներից մի քանիսն անգամ անդրադարձան այս թեմային՝ ներկայացնելով փաստեր, թե ինչպես են բնակիչները բողոքում, որ գազի վարձավճարի հաշվարկ այնպես է կատարվել, որ արդյունքում գումարը գերազանցել է բոլոր սպասելիքները, երբ նախորդ տարիներին բնակիչները սպառել են միևնույն ծավալով գազ: Ակտիվիստները պահանջում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից պաշտոնական հավաստում, որ կիջեցնեն գազի գինը, ինչը տրամաբանական է ռուբլու արժեզրկման պայմաններում: Նշենք, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար: Այդ մասին այսօր հավաստել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Գազի վարձավճարների ավելցուկ ամեն տարի հունվարին նկատելի է եղել, հնարավոր է դա պայմանավորված է ամանորյա գործերի և ամսվա ցուրտ լինելու հանգամանքի հետ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռ կմեկնաբանի կատարվածը: Նշենք, որ հոսանքի վարձավճարները այս ամիս նույնպես աննախադեպ բարձր են եղել: «Նոր տարի ու գումարած նման վարձավճար, մարդկանց «փուռն» են տալիս, մի վարկյան ուրախությունը պարտքով փակենք, հետո...»,-նշեց մեր զրուցակիցը: Աստղիկ Ավագյան
