Կրակոցներ՝ Հալեպի քրդական թաղամասում. կան զոհեր
Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում շաբաթ առավոտյան ապստամբները կրակ են բացել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող բնակավայրում, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ևս 40 մարդ վիրավորվել է Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում իրականացված ռմբակոծության հետևանքով: Կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վրա շաբաթներ շարունակվող ռմբակոծությունն ու ավիահարվածները անելանելի վիճակի և շրջափակման մեջ են դրել Հալեպի հարյուր հազարավոր բնակիչների: Հարյուրավոր մարդիկ են զոհվել Հալեպում` փետրվարին հաստատված հրադադարի ապրիլյան խախտումից հետո:
